ՀՈԳՈՒ ՀԱՑԸ
ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հիմա պիտի կարդաք մի բանի մասին, որը յուրաքանչյուր մկրտված քրիստոնյայի համար ամենակարևոր ու կենարար խորհուրդն է, ինչը նա պետք է ընդունի, բայց շատերի անգիտության պատճառով այն անտեսվում է: Նույնիսկ ոմանք էլ այս մասին անտեղյակ լինելով, Պատարագի արարողության ավարտից հետո բաժանվող օրհնված հացը` չոր լավաշը` մասը, շփոթում են սուրբ Հաղորդության հետ:
ՈՒրեմն, նախ հարկավոր է իմանալ, թե ինչ է Սուրբ Հաղորդությունը:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսն Իր երկրային կարճ կյանքի վերջին գիշերը տասներկու առաքյալների հետ վերնատանը զատկական ընթրիքի նստեց: Դա հրեական օրենքի համաձայն էր, որովհետև դարեր առաջ Աստված Մովսեսի միջոցով հրամայեց, որ Եգիպտոսի մահաբեր հրեշտակի հարվածից փրկվելու համար ամեն հրեա ընտանիք պարտավոր էր մեկ տարեկան արու, անարատ գառ մորթել ու նրա արյունն իրենց տան դռան շրջանակին քսել, իսկ գառան միսը կրակի վրա խորովելով, ուտել բաղարջ հացով ու դառը խոտերով: Այդ նույն գիշեր Տիրոջ մահաբեր հրեշտակն անցավ ամբողջ Եգիպտոսով ու փարավոնի տնից սկսած սպանեց բոլոր այն ընտանիքների արու անդրանիկներին, որոնց դռան շրջանակին չկար քսված գառան արյունը: Դրանից հետո զարհուրած փարավոնը ստիպված հրեաներին թույլ տվեց դուրս գնալ Եգիպտոսից:
Սա առաջին Զատիկն էր, որն Աստծո հրամանով դարձավ օրենք Իսրայելի ժողովրդի համար մինչև Հիսուսի ժամանակները: Եվ ահա մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որպես հրեա մորից` Մարիամից, ծնված զավակ, ամեն տարի մասնակցում էր զատկական խորհրդին, մինչև այն օրը, երբ Իր առաքյալների հետ վերնատանը վերջին ընթրիքի նստեց.
«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուսը հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ Մարմինը»: Եվ բաժակ վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս, 26, 26-28):
Իսկ մինչ այդ Հիսուսն Իր քարոզներից մեկում ասել էր հրեաներին. «Ես եմ կենաց Հացը: Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան: Այս է երկնքից իջած Հացը, որպեսզի ով որ սրանից ուտի, չմեռնի: Ես եմ երկնքից իջած կենդանի Հացը, թե մեկն այս Հացից ուտի, հավիտյան պիտի ապրի, և այն Հացը, որ Ես կտամ, Իմ Մարմինն է, որը Ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա»:
«Ով ուտի Իմ Մարմինը և ըմպի Իմ Արյունը, նա հավիտենական կյանք կունենա. և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ»: (Հովհաննես 6, 49-55)
Եվ ահա զատկական վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսն իրագործեց հենց այդ խոսքերը` Իր Մարմնի փոխարեն աղոթքով օրհնված հացը տալով, իսկ Իր Արյան փոխարեն` օրհնված գինին: Այս արարողությունը կոչվում է սուրբ Հաղորդություն, որը հանդիսանում է բոլոր առաքելահիմք եկեղեցիների յոթ խորհուրդներից մեկը:
Ասենք, որ բողոքական ուղղությանը հարողներն այն որպես խորհուրդ չեն համարում, այդ պատճառով սուրբ Հաղորդությունը կատարում են որպես զատկական վերջին ընթրիքի մասին հիշողություն: Եթե սոված մարդը հիշողությունով կկշտանա, ուրեմն նրանց հոգին էլ հաղորդությամբ կլիանա:
Մկրտությունից ու սուրբ Մեռոնով դրոշմվելուց հետո յուրաքանչյուր քրիստոնյա ընդունում է քահանայի ձեռքից իր առաջին սուրբ Հաղորդությունը, իսկ երբ մկրտվողը դեռ կաթնակեր է, ապա այն դիպցնում են երեխայի շուրթերին (որ կոչվում է շրթնհաղորդութIsk aveli chishtյուն), ապա տալիս նրան կերակրող մորը:
Սուրբ Հաղորդության նշխարքը Պատարագի օրը համապատասխան աղոթքով ցորենի պարզ ալյուրից է թխվում (ջերմ հաց) և դրոշմվում Խաչի կնիքով (դնել նշխարքի պատկերը): Այն մինչ սրբագործությունն ընդամենն անթթխմոր հաց է, իսկ արարողության ժամանակ պատարագչի աղոթքներով ու Սուրբ Հոգու զորությամբ այն հրաշապես փոխակերպվում է Հիսուս Քրիստոսի Մարմնի, իսկ գինին, որ պատրաստում են որթատունկի` խաղողի բերքից, պիտի լինի անապական, այսինքն` անխառն, որը փոխակերպվում է Հիսուսի Արյան. որ կոչվում է Անդրագոյավորում:
Անդրագոյավորման հրաշափոխությունը կատարվում է սուրբ Պատարագի ընթացքում, որ կոչում են Անարյուն զոհաբերություն, ինչը մարդկային միտքն ի զորու չէ հասկանալու, այդ պատճառով Խորհուրդ խորին են անվանում, ինչը պարզ հավատքով է ընկալվում:
Արարողությունը կատարվում է միմիայն օծություն ունեցող անձի միջնորդությամբ և աղոթքներով` երիցս (երեք անգամ) կրկնելով. «Երկրպագում, աղաչում ու խնդրում ենք Քեզանից բարերար Աստված, առաքիր Քեզ մշտնջենակից և էակից Սուրբ Հոգիդ մեր և մեր առջև դրված այս ընծաների վրա: Որով օրհնելով այս հացը` այն ճշմարտապես դարձրու մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի օրհնյալ Մարմինը: Եվ գավաթն այս ստուգապես դարձրու մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի օրհնյալ Արյունը: Որպեսզի այս ամենը լինի մեզ` մերձեցողներիս անդատապարտություն, մեղքերի քավության և թողության համար»:
Եվ այս բոլորն Աստծո անարատ Գառի` Հիսուսի ինքնազոհաբերության շնորհիվ եղավ, ինչպես Պողոս առաքյալն է գրում. «Քրիստոս` մեր Զատիկը, մորթվեց» (Ա Կորնթ., 5, 7):
Երբ քահանան բարձրացնում է հաղորդության գավաթը, ասում է. «Սրբությամբ ճաշակենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական Մարմնից ու Արյունից, որ երկնքից իջնելով բաշխվում է մեր մեջ: Սա է կյանք, հույս, հարություն, քավություն և մեղքերի թողություն»:
Հետևաբար սուրբ Հաղորդությունը հանդիսանում է Պատարագի բուն էությունն ու նպատակը, ոչ թե լոկ գեղեցիկ ու հոգեպարար արարողություն, ինչպես շատերն են համարում:
Ադամն ու Եվան Եդեմում մեղանչելուց հետո վտարվեցին դրախտից, որովհետև այնտեղ Կենաց, այսինքն` Կյանքի ծառը կար, որի պտուղը եթե նրանք ուտեին, ապա հավիտյան մեղավոր կմնային: Ահա Աստված Հիսուսի զոհաբերությամբ վերականգնեց այդ Կենաց ծառի պտղի ճաշակումը ադամորդիներիս համար: Այսինքն` Տիրոջ Խաչը դարձավ հենց Կենաց ծառը, իսկ պտուղը` Հիսուս Քրիստոսը, ՈՒմ Մարմնի և Արյան ճաշակումով մենք Կյանքի անմահությունն ենք ընդունում: Դա է պատճառը, որ մեր խաչքարերի վրա սուրբ Խաչը տերևակալած` շիվ տված, կենդանացած ու պտղաբերած են քանդակում:
Սուրբ Հաղորդությունը քրիստոնյային նախ Երկնային Արքայության փառքին է հաղորդ դարձնում, քանզի այն մեր մարմնի հարության առհավատչյան, այսինքն` գրավականն է: Ինչպես նաև Հոգու մխիթարություն և զորություն է տալիս, տկարացնում աշխարհ տանող կրքերն ու մեղավոր ցանկությունները, աճեցնում է սերն ու եռանդը Աստծո հանդեպ և օգնում դեպի մեր մերձավորը սիրով, ներողամիտ ու համբերատար լինել:
Հնում քրիստոնյաները հաղորդվում էին ամեն օր, հետո շաբաթը չորս անգամ (չորեքշաբթի, ուրբաթ` որպես Հիսուսի մատնության ու խաչելության հիշատակ), և շաբաթ ու կիրակի օրերին: Հետագայում միայն շաբաթ ու կիրակի օրերին սկսեցին պատարագել, իսկ մեր ժամանակներում` միայն կիրակի և սրբոց տոն օրերին:
Չափահաս քրիստոնյաները պարտավոր են առնվազն եկեղեցու տարեկան հինգ տաղավար տոների ժամանակ սուրբ Հաղորդություն ընդունել: Այդ հինգ տոները հետևյալն են`
1. Սուրբ Ծնունդ և Հայտնություն` հունվարի 6-ին) 2. Սուրբ Զատիկ` Հիսուսի Հարության օրը, 3. Վարդավառ կամ Տոն Այլակերպության, 4. Վերափոխումն սուրբ Աստվածածնի (Խաղողօրհնեք)` օգոստոսի 15-ի մոտ կիրակին, 5. Սուրբ Խաչի տոն (Խաչվերաց)` սեպտեմբերին:
Քանի որ ասացինք, որ առաքելահիմն եկեղեցին մկրտում և հաղորդություն է տալիս մանուկ հասակից, ուրեմն երեխաների սուրբ Հաղորդության հարցը նույնպես թող չանտեսեն ծնողները և ստեպ¬ստեպ իրենց մկրտված զավակներին տանեն սուրբ Պատարագի, հոգով և մարմնով հարազատացնեն իրենց փրկության հետ ու նրանց էլ մասնակից դարձնեն Կյանքի Հացին:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ